Դանիական կենդանաբանական այգում առյուծի հանրային դիահերձում են իրականացրել. նրան սպանել էին ինը ամիս առաջ։ Այդ ամբողջ ընթացքում առյուծի լեշը դրված էր սառնարանում, եւ աշնանային արձակուրդի սկսվելուն պես գազանանոցի աշխատակիցները որոշել են «ուսումնական նպատակներով» հանրության աչքի առաջ դիահերձել առյուծին։
Ամբողջ վիրահատությունը միաժամանակ ուղիղ հեռարձակվել է Համացանցում։ Ամբոխի աչքի առաջ բառացիորեն թափել են առյուծի փորոտիքը, իսկ մարմինը մասնատել են։
կենդանաբանական այգու աշխատակիցներն իրենց գործողությունները փաստարկել են նրանով, որ գազանանոցում առյուծների պոպուլյացիան չափից ավելի մեծացել է։ Իսկ դիահերձումը նրանց կարծիքով անհրաժեշտ է՝ դիտարժան կերպով ներկայացնելու, թե որքան կատարյալ է առյուծի մարմինը, տեղեկացնում է Metro-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։
կենդանաբանական այգու ղեկավարության նման որոշումը կենդանիների պաշտպանների վրդովմունքն է առաջացրել, ընդ որում՝ ոչ միայն Դանիայում։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Humane Society International կազմակերպությունը քննադատել է կենդանաբանական այգում կենդանիների քանակը վերահսկելու նման մեթոդը։
Դանիական կենդանաբանական այգու ներկայացուցիչ Մայքլ Ուոլբերգ Սորենսոնը նշել է, որ Օդենսեն կապ է պահպանում այլ գազանանոցների հետ եւ փորձում է տնավորել «ավելորդ» կենդանիներին։ Այնուամենայնիվ, դրանցից ոմանց համար նոր տուն գտնել չի հաջողվում, գրում է Daily Mail-ը։ Գազանանոցի ներկայացուցիչը հավելել է, որ առյուծներին մարդասիրական եղանակով են սպանում, տեղեկացնում է Vesti.ru-ն։





























