Վայոց Ձորի խաղողագործները բողոքում են ոչ թե մթերման ծավալից, այլ գներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Առաջիկա օրերին սկսելու են մթերումը, կան գործարաններ, որոնք հոկտեմբերի 1-ից են սկսել մթերել: Ինչ վերաբերում է մթերման ծավալներին, նախարարն անձամբ հանդիպումներ է ունենում վերամշակող ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել մթերում իրականացնել Վայոց ձորում: Գյուղացիների եւ վերամշակող ընկերությունների միջեւ խնդիրը գնի հետ է կապված»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ Վայոց ձորից խաղողի բերքը նաեւ արտահանելու են. այս պահին տեղում արտահանող ընկերությունների ներկայացուցիչներն են աշխատում:
Նշենք, որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի բնակիչները նախօրեին բողոքի ակցիա էին անցկացրել: Աղավնաձորի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ առ այսօր իրենց գյուղում մթերում չի իրականացվել, թեեւ դեռ հոկտեմբերի 2-ին Սերգո Կարապետյանը խոստացել էր հոկտեմբերի 5-ից սկսել մթերման գործընթացը:
«Եղանակը վատն ա, որ խաղողը մնա այգիներում, կփչանա: Դրա համար ուզում ենք օր առաջ հանձնել բերքը, բայց առ այսօր ոչ ոք չի եկել»,- ասացին գյուղացիները:
Հիշեցնենք, որ խաղողի բերքի մթերման խնդիր կա նաեւ Արմավիրի եւ Արարատի մարզերում:





























