Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պնդում է, որ Երեւանի դատախազ Արթուր Դավթյանը իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին հետաքննիչի որոշումը վերացնելու եւ նոր քրեական գործ հարուցելու լիազորություն չուներ:

NEWS.am-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ինքը եւ փաստաբան Նազելի Վարդանյանը պարզել են, որ դատախազը իրենց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը վերացնելու եւ նոր քրական գործ հարուցելու որոշումը կայացրել է ոչ թե ըստ օրենսդրության սահմանված 7-օրյա ժամկետում, այլ իրենց դեմ բողոքը ստանալուց 14 օր անց:

«Իրենց պատճառաբանությունն այն է, որ ներքին օղակներով բողոքն իրեն ուշ է հասել,  մենք էլ ասում ենք՝ մեր խնդիրը չէ, որ դատախազությունը չի կարողացել իր գրասենյակում այնպես կազմակերպել, որ պահմանվի սահմանված ժամկետը: Երեւանի դատախազը որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ նման լիազորություն արդեն չուներ, այդ լիազորությունն ունի միայն գլխավոր դատախազը»,-նշեց փաստաբանը:

Այս առնչությամբ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Նազելի Վարդանյանը նոր բողոք են ներկայացրել դատարան՝ լրացնելով իրենց նախկին բողոքը, որով վիճարկում էին դատախազի քրեական գործը կարճելու որոշումը վերացնելը: Բողոքը զուգահեռ քննվում է Երեւանի Շենգավիթ եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում:

Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը): Նա եւ Նազելի Վարդանյանը երկու տարի առաջ դատարանում հրապարակել էին մի փաստաթուղթ, ըստ որի իրենց վստահորդի մեղադրանքի հիմքում դրված է եղել հոգեկան հիվանդություն ունեցող վկայի ցուցմունք: Փաստաբանները անձնական միջոցներով չէին կարողացել գտնել այդ ապացույցը, միջնորդել էին դատարանին, որն ապացույցը պահանջել էր համապատասխան մարմնից, ներկայացրել է իրենց: Դատարանն ապացույցը տրամադրելիս ուղեկցական գրություն չէր գրել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ քննչական մարմիինն այն համարի անօրինական ձեռք բերված ապացույց եւ քրեական գործ հարուցի այդ փաստով: