ՌԴ Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովն անհրաժեշտ է համարում Ռուսաստանում ահաբեկիչների համար մահապատժի կիրառումը: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Պետք է անպայման մտցնել մահապատիժ: Որքան արագ նրանք հեռանան այս կյանքից, այնքան արագ մեզ մոտ կարգուկանոն կհաստատվի»,-հայտարարել է Քադիրովը: Նրա խոսքով, դա պետք է անել, որովհետեւ «ճիշտ չէ» այդ հանցագործներին պահել բանտերում:
«Նրանք նաեւ բանտում են խանգարում եւ մարդկանց հավաքագրում: Մարգարեն ասել է՝ որտեղ նրանք հայտնվեն, այնտեղ արյուն կլինի, նրանց պետք է ոչնչացնել»,-ասել է Քադիրովն ու հավելել. «Հիմա կասեն, որ Քադիրովը դեմ է մահմեդականներին: Նրանք մահմեդական չեն, մարգարեն ասում է, որ նրանք մահմեդական չեն: Ես անկեղծ մահմեդական հավատացյալ եմ, ես ասում եմ այն, ինչ ասում են մեր հոգեւոր առաջնորդները: Նրանք մեզ քարոզում են Ղուրանը»,-հայտարարել է Չեչնիայի ղեկավարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նշենք, որ Ռուսաստանում մահապատիժ չի իրականացվում, գործում է մորատորիում:




























