Բրյուսելի գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները համաձայնել են արտաքին սահմանների պաշտպանության Frontex գործակալությանը լիազորություններ տալ ապօրինի ներգաղթյալներին վտարելու համար։ Այս մասին հանդիպման ավարտին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում։

«Մեր նպատակն է Frontex-ին լիազորություններ տալ ապօրինի ներգաղթյալներին սեփական նախաձեռնությամբ հետ ուղարկելու համար եւ արտաքին սահմանների պաշտպանության հարցում նրա գործունեությունն ավելի ակտիվ դարձնել ճգնաժամային իրավիճակների հաղթահարման առումով։ Միաժամանակ անդամ երկրները պատրաստ կլինեն լրացուցիչ սահմանապահներ ուղարկել Frontex-ին աջակցելու համար եւ ապահովել «թեժ կետերի»՝ Հունաստանի եւ Իտալիայի անվտանգությունը»,- ասել է Տուսկը, փոխանցում է ՌԲԿ-ն։