«Vesta» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ անբարեխիղճ մրցակցության գործողության համար ՏՄՊՊՀ-ի կայացրած 15 մլն դրամի տուգանքի որոշումը մնացել է ուժի մեջ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախորդ տարեվերջին կայացրած որոշմամբ «Vesta» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի («Փրիթի Ուեյ» ՍՊԸ) նկատմամբ նշանակել է տուգանք 15.000.000 դրամի չափով: Ընկերությունը պատասխանատվության էր ենթարկվել անբարեխիղճ մրցակցության գործողության համար: Մասնավորապես, գովազդի միջոցով սպառողներին տեղեկացրել է, որ հանդիսանում է «Samsung», «Philips», «Sharp», «Panasonic», «Mastercook», «Selmer», «Ardo», «Fujitsu», «Fisher», «Fagor» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Սակայն Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ վերոնշյալը իրականությանը չի համապատասխանում, քանի որ «Vesta» խանութների ցանցը չունի իր հայտարարությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
Ընկերությունը բողոքարկել է Հանձնաժողովի որոշումը: Դատական քննության արդյունքում ՏՄՊՊՀ որոշումը մնաց անփոփոխ: Օրենքով սահմանված կարգով «Փրիթի Ուեյ» ընկերությունը պետական բյուջե է վճարել 15 միլիոն դրամ:





























