Սիրիայում Ռուսաստանի գործողությունը ժամանակային շրջանակներ ունի՝ այն կտեւի այնքան, որքան ահաբեկիչների դեմ սիրիական բանակի հարձակողական գործողությունները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ղազախստանում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նշել է, որ ՌԴ ԶՈւ գործողությունն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքին, բացարձակապես օրինական է, քանի որ այն իրականացվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական դիմումի հիման վրա:

«Այն ունի իր խիստ շրջանակները, ավիացիան ու մյուս միջոցները կիրառվում են բացառապես ահաբեկչական խմբավորումների դեմ: Կա նաեւ ժամանակային սահմանափակում ՝ այն կշարունակվի այնքան, քանի դեռ սիրիական զորքերը ահաբեկիչների դեմ հարձակողական գործողություններ են իրականացնում»,- ասել է նախագահը:

«Ընդ որում մենք անփոփոխ կողմ ենք ծայրահեղականներին ու ահաբեկիչներին դիմակայելու նպատակով առավելագույնս լայն կոալիցիա ձեւավորելուն»,- հավելել է նա, հայտնում է Կրեմլի կայքը: