Հայաստանը տարեկան շուրջ 400 մլն դոլարի պարեն է արտահանում, իսկ ներկրում` 800 միլիոնի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը` նշելով, որ Հայաստանը պարենային ապրանքների հարցում ինքնաբավ չէ, որը սննդի անվտանգության տեսակետից մտահոգիչ է:

«Հիմնական ապրանքները ներկրվում են Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից, որոնք բերվում են Վրաստանով՝ Լարսով: Իսկ այս  ճանապարհի հետ խնդիր հաճախ է լինում, որը նշանակում է, որ վտանգն առկա է: Ձմռանը, գարնանը ու ամռանը ճանապարհը հաճախ է փակվում և պարենով բեռնված մեքենաները օրերով կանգնած են մնում ճանապարհին»,-ասաց նա:

 Կարեն Չիլինգարյանի խոսքով`  հիմնականում ներկրվում է խոշոր եղջրավոր անասունների և խոզի միս, թռչնամիս, բուսական յուղ. «Կարտոֆիլի բերքով Հայաստանը 100%-ով ինքնաբավ է, իսկ ցորենի արտադրությունը տեղական շուկան բավարարում է 80%-ով»: