Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ շուրջ 20 փաստաթուղթ է ստորագրվել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: ԱՊՀ պետությունների ղեկավարները մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` երկրի նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի, իսկ Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին` խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում նախագահները քննարկել եւ ընդունել են Համագործակցության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ստորագրել շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-ամյակի առիթով Հայտարարությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Հայտարարությունը, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-րդ տարելիցի կապակցությամբ Դիմումը:

Նիստում հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ապահովման խնդիրներին եւ կարեւորվել այդ ոլորտում փոխգործակցությունը: ԱՊՀ պետությունների ղեկավարները ստորագրել են իրավապահ ոլորտի, բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ուղղությամբ մի շարք միջազգային պայմանագրեր:

Խորհրդի նիստում ընդունվել են նաեւ մինչեւ 2020թ. Ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016-2020թթ. արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման հարցում համագործակցության ծրագիրը, հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանն ուղղվող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ եւ այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառվող կազմավորումների Ցանկը:

Համագործակցության մասնակից պետությունների նախագահների ուշադրության կենտրոնում են եղել նաեւ հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացման հարցերը: Կողմերը որոշել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացնել Թուրքմենստանում՝ այդ երկրի Դաշողուզ քաղաքը հայտարարելով ԱՊՀ-ի 2016թ. մշակութային մայրաքաղաք:

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2016թ. սեպտեմբերի 16-ին, Ղրղզստանում: ԱՊՀ նախագահությունը 2016թ. փոխանցվել է Ղրղզստանի Հանրապետությանը: