Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ «ոչ»-ի կողմնակիցները բաժանված են ճամբարների եւ միասնական պայքար մղելու մասին խոսակցությունները դեռեւս զուտ ցանկությունների ոլորտից են: Այս պահի դրությամբ «ոչ»-ի կողմնակիցների շրջանում ձեւավորվել է երկու ճամբար՝ «Նոր Հայաստանն» ու «Ոչ»-ի ճակատը»: Այսօր «ոչ»-ի երրորդ ճակատի մասին է հայտարարել նաեւ  «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ներկայացնող «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ անելու է, որ «Ոչ»-ի կողմնակիցները համատեղ պայքար մղեն: «Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեկ ընդհանուր ճակատ լինենք, մենք սոլիդարությունը պահում ենք, իրար դեմ չենք պայքարում, փորձելու ենք միասնական ճակատով պայքարել եւ Սահմանադրական փոփոխություններին դեմն առնել: Մտածում ենք, որ կստացվի, կան տարբեր մոտեցումներ, որոնք փորձում ենք հարթել»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Սեպտեմբերի 12-ին ստեղծված «Ոչ»-ի ճակատը պայքարում է Սահմանադրական փոփոխությունների դեմ: Այս ճակատին են միացել մի շարք հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, ինչպես նաեւ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը»: Դավիթ Սանասարյանի խոսքով՝ իրենք ընդամենը նախաստորագրել են «Ոչ»-ի ճակատում իրենց մասնակցությունը, ոչ թե ստորագրել:

Թեեւ «Ժառանգությունը» հույս ունի համոզել «Ոչ»-ի ճակատի մյուս ուժերին, ՀԱԿ-ը կարծես թե «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին միանալու ոչ մի ցանկություն չունի: Ինչպես նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, իրենք միանալու են ժողովրդին:

«Միանալու խնդիր չունենք: Ինչքան շատ ճակատ, ինչքան շատ խմբեր, այնքան լավ: Ամեն ինչ նորմալ է, որեւէ խնդիր չկա: ՀԱԿ-ը ժողովրդին է միանալու, ինչքան շատ մարդ ընդդիմանա Սահմանադրական փոփոխություններին, այնքան լավ: Բոլորիս ուզածն է, որ տապալվեն Սահմանադրական փոփոխությունները: Իսկ այս պայքարի ձեւերն ինչքան բազմազան լինեն, այնքան լավ: Իսկ «Ոչ»-ի ճակատի հետ համագործակցությունը շարունակելու ենք»,- ասաց Արամ Մանուկյանը:

«Ոչ»-ի ճակատը նախաձեռնած՝ «Չեք անցկացնին» նույնպես բացառում է հավանականությանը՝ փրկության ճակատին միանալու: Նշենք, որ «Նոր Հայաստանը» ձեւավորվել է հոկտեմբերի 12-ին. նրանք պահանջում են իշխանափոխություն:

«Ռազմավարական առումով որեւէ տարաձայնություն չունենք «Նոր Հայաստան»-ի հետ, զուտ մարտավարական տարբերություններ ունենք: Այս պահի դրությամբ ինքս միանալու հավանականություն չեմ տեսնում: Պատճառն այն է, որ մենք պատկերացնում ենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալելով իրականում Սերժ Սարգսյանի հեռացման գործընթաց կարող է սկսվել, բայց մենք կենտրոնացած ենք հանրաքվեն տապապելու վրա, ոչ թե իշխանափոխության վրա»,- ասաց «Չեք անցկացնի»-ի անդամ Հրայր Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իրենք չեն դադարեցնում համագործակցությունը «Նոր Հայաստանի» անդամների հետ, ավելին համոզված են՝ միմյանց օգնելու են, քանի որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող հանրությունը մի օր կարող է դառնալ իշխանափոխություն պահանջող հասարակություն:

Մինչդեռ քաղաքագետ Արմեն Բադալյանը համոզված է, որ այս ճակատներից ոչ մեկն էլ լուրջ հաջողություններ չի գրանցելու, քանի որ անհրաժեշտ ռեսուրսը չունեն: Ավելին, քաղաքագետը հիշեցրեց, որ այս ճակատներում ներգրաված ուժերից եւ ոչ մեկը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», իրենց նախկին պայքարներում հաջողությունների չեն հասել:

«Սրան կարելի է գումարել հասարակության անտարբերությունը Սահմանադրության նկատմամբ: Կարող ենք եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ, լուրջ հաջողություն չեն կարող գրանցել: Քաղաքականության մեջ հաջողության չեն հասնում, երբ մեխանիկորեն մի ճակատ են ստեղծում: Քաղաքականությունը մեխանիկա չէ, կարեւոր են ռեսուրսները եւ հնարավորությունները՝ այդ ռեսուրսներն օգտագործելու համար»,- ավելացրեց նա:

Չմոռանանք, որ եւ «Ժառանգությունը», եւ «Հիմնադիր խորհրդարանը» տարբեր ժամանակներում հայտարարել են իշխանափոխություն անելու համար, սակայն առ այսօր որեւէ արդյունք չեն գրանցել:

Նշենք, որ եթե «Ոչ»-ի ճակատի առաջիկա ծրագրերը հայտնի են, «Նոր Հայաստան»-ը դեռ փակագծերը չի բացում, թե ինչպես է մոբիլիզացնելու ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնելու Սերժ Սարգսյանին եւ նրա վարչախմբին: