Միայն փաստերի առկայության դեպքում կարելի է հայտարարել, որ ՍԴ նախագահը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի այդ հայտարարությանը:

«Ես ընդամենը կարող եմ ասել, որ նման գնահատականներ միշտ էլ հնչել են, սակայն չգիտես ինչու՝ որոշեցին ընթացք տալ Զուրաբյանի հայտարարությանը: Ես չեմ կարծում, որ Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը կարող է ինչ-որ կերպ ազդել Հայաստանի վարկանիշի վրա կամ վտանգել մեր պետականությունը: Ես այն կարծիքին եմ, որ միայն փաստերի առկայության դեպքում կարելի է նման հայտարարություն անել, պետք է ավելի զգույշ լինել նման հայտարարություններ անելիս»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Հարցին, թե Զուրաբյանը փաստեր ունի, ՀԱԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել, ապա ավելացրեց. «Եթե փաստեր ունենա, կարծում եմ՝ կներկայացնի»:

Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 9-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Հայաստանի հասարակությունը չի աջակցում սահմանադրական փոփոխություններին: «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են. ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմց ստեղծված սահմանադրական հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին (ինքը զբաղվել է այնտեղ լոբբինգով, եւ մենք փաստեր էլ ունենք)»,- ասել էր Զուրաբյանը:

Դեպքով զբաղվում է ոստիկանությունը: