Դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննությամբ պարզվել է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանը մահացել է բժիշկների սխալի հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին ասաց երեխայի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Ըստ փորձագետի` երեխան այնպիսի վիճակում է եղել հիվանդանոց տեղափոխվելիս, որ նրան պետք էր անմիջապես տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: Դա ուշացրել են, ինչի պատճառով էլ հնարավոր չի եղել երեխայի կյանքը փրկել: Բացի այդ`համապատասխան անալիզներ չեն արվել, որոնք կտային երեխայի վիճակի ճիշտ ախտորոշում»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ նախքան այս կատարվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն երեխան մահացել է ինֆեկցիոն տոքսիկ շոկից: Երեխայի մահվան մեջ հարազաատները մեղադրում են «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին, որն իրեն մեղավոր չի համարում:
Հիշեցնենք, որ երեխան հիվանդանոց էր ընդունվել ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:
Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները մահվան պաշտոնական վարկածին չեն հավատում, նրանք ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է:





























