72-ամյա տիկին Ասյան աշխատում է Երևանի հասարակական զուգարաններից մեկում. 100-ական դրամներ է վերցնում քաղաքացիներից զուգարան մտնելու համար, նաև մաքրում է սանհանգույցները։
Տիկին Ասյան իր աշխատանքից չի դժգոհում, մյուս թոշակառուները, ասում է, տանը նստած են, իսկ ինքն օրական 2000-3000 դրամ է վաստակում։ Նեղսրտում է միայն այցելուների վերաբերմունքից. հատկապես երիտասարդները հաճախ արհամարհանքով են վերաբերվում, երբեմն էլ՝ կոպիտ։
«Մի քանի օր առաջ կոստյումով մի ջահել տղա զուգարան մտավ առանց փողը տալու, մտածեցի՝ երևի շտապ կարիք ունի ու փողը դուրս գալուց կտա, երբ դուրս գալուց փողն ուզեցի՝ գոռաց վրաս ու ասաց՝ գիտե՞ս ումից ես փող ուզում։ Վաղը կիմանաս, թե ով եմ»,- NEWS.am-ին պատմում է 27 տարի նույն վայրում աշխատող տիկին Ասյան։
Տարիներ առաջ մարդիկ, տիկին Ասյայի խոսքով, ավելի բարեհամբույր էին, բարևում էին իրեն, վճարում գումարն ու ներս մտնում, իսկ այժմ լինում են երիտասարդներ, որ գումարը պարզապես շպրտում են սեղանին։
Նման վերաբերմունքի պատճառով 72–ամյա կինը վերջին շրջանում սկսել է ամաչել իր աշխատանքից, բայց չի մոռանում, որ հենց այս աշխատանքի շնորհիվ է կարողացել իր ընտանիքը պահել։
«Ամաչում եմ, որ տուալետում եմ գործ անում, բայց ինչ անեմ։ Երբ 27 տարի առաջ Ադրբեջանից փախանք Երևան՝ էս գործը միայն կարողացանք ճարել, ու էս գործի շնորհիվ էլ հացի փող վաստակել»,- նշում է կինը։
Տիկին Ասյայի խոսքով` զուգարանի աշխատողն էլ տաքսու վարորդի նման շատ բանից է տեղյակ. զուգարանի այցելուների զրույցներից ինչ ասես չի լսում։ Բայց լսածի մասին ոչինչ չի պատմում, ասում է` «մասնագիտական գաղտնիք է»։





























