Հունգարիայի իշխանությունները հանել են Խորվաթիայի հետ սահմանն ազատ հատելու հնարավորությունը, որով վերջին շաբաթներին Մերձավոր արեւելքից Եվրամիություն միգրանտների ուժեղ ու անվերահսկելի հոսք էր կատարվում: Այս մասին հայտնում է Հունգարիայի կառավարության կայքը, փոխանցում է Lenta-ն:

Նույն միջոցառումն է ձեռնարկվել նաեւ սահմանի հունգարա-սերբական հատվածում:

Ընդ որում սահմանին ստեղծվել են երկու տարանցիկ գոտիներ, որտեղ կարող են գրանցվել նրանք, որոնք ուզում են Հունգարիա մտնել:

Պահպանվում է նաեւ սահմանի այդ հատվածներով՝ օրենքով նախատեսված ընդհանուր հիմունքներով երկիր մտնելու հնարավորությունը:

Եվրոպայում զարգանում է ճգնաժամ՝ կապված փախստականների անվերահսկելի հոսքի աճի հետ: Տարվա սկզբից մինչեւ հիմա ԵՄ սահմանը ավելի քան 500 հազար միգրանտ է հատել: ՄԱԿ-ը կանխատեսում է, որ առաջիկա երկու տարում գաղթականների թիվը կհասնի առնվազն 850 հազարի: