Երեւանի Ֆուտբոլի ակադեմիայի դահլիճում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մեկնարկել է Գերմանիայի դեսպանության  կազմակերպած բարեգործական ֆուտբոլային միջազգային մրցաշարը (ֆոտոռեպորտաժ)։ 

Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը եւ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը։

«Ինչպես գիտեք, 2015թ. առանձնահատուկ տարի է ոչ միայն Հայաստանի  համար, այլ նաեւ Գերմանիայի։ Մենք նշում ենք Գերմանիայի վերամիավորման 25-ամյակը։ Խաղաղ հեղափոխությունից եւ Պատի անկումից հետո 1990թ. հոկտեմբերի 3-ին գերմանական երկու պետությունները միավորվեցին՝ հաղթահարելով ավելի քան քառասուն տարվա տրոհումը: Երեւանում Գերմանիայի դեսպանությունն այս առիթով կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ։ Այսօրվա միջոցառումը մեկն է նրանցից,  որով մենք ողջ աշխարհում մեր դեսպանատների մասնակցությամբ նշում ենք այդ տարեթիվը»,- ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

Խաչիկ Ասրյանը ողջույնի խոսք ասելիս շնորհավորեց պարոն Քիսլերին հոբելյանական ամսաթվի կապակցությամբ։

Նշենք, որ մրցաշարում իրենց ուժերն են չափում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Գերմանիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Թուրքմենստանի, ԱՄՆ դեսպանությունների, հետեւյալ միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ պատվիրակության, QSI միջազգային դպրոցի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության թիմերը: