Վայրի կենդանիները՝ արջերը, գայլերը սկսել են մտնել բնակավայրեր, քանի որ մարդիկ վերացնում են նրանց ապրելու տարածքները՝ անտառները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով վերջերս Վանաձորում տեղի ունեցած դեպքին, երբ արջը մտել էր քաղաք եւ վնասել անասուններին:
«Մենք վերացնում ենք իրենց ապրելու տարածքները՝ անտառները, էկոհամակարգն ենք խաթարում, զրկում ենք նրանց անգամ սնվելու հնարավորությունից, այդ պատճառով էլ կենդանիները փնտրտուքների մեջ են ընկնում եւ գալիս են մարդկանց մոտ»,-ասաց Կարինե Դանիելյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Լոռու մարզում հոկտեմբերի 15-ին արջի հարձակման դեպք է գրանցվել: Վանաձոր քաղաքին հարակից սարում արջը հարձակվել է արածող կովերի վրա: Տարածքը, որտեղ գրանցվել է դեպքը, բնակելի է: Արջի հայտնվելը անհանգստացրել է տարածքի բնակիչներին, նրանք հիշում են, որ տարիներ առաջ, մոտավորապես նույն վայրում արջը հարձակվել էր ազնվամորի հավաքողների վրա: Սակայն, վերջին մի քանի տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, որ արջն այդքան մոտենում է քաղաքին:





























