ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ՀՀ ԱԺ ներկայացուցչությունում ՀԱՊԿ ԽՎ գործընկերներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը ԼՂ հարցում:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ, որին ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պատրաստ է սերտորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի նպաստ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների ապահովման:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ անցյալ ամիս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է լարվածության աճի միտում:

ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն արձանագրել է, որ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ՀԱՊԿ ԽՎ գործընկերների կողմից Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման դատապարտումը: Զրուցակիցներն անընդունելի են համարել հակամարտությունների լուծման ուժային մեթոդները:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովն առաջարկել է գալիք տարվա գարնանը ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի եւ  անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ նիստն անցկացնել Երեւանում: