Ռուսաստանը պատրաստ է քննարկել Իրաքին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում, չնայած Իրաքի ներկայացուցիչները դեռեւս նման խնդրանքով չեն դիմել: Այս մասին Սյանշանում անվտանգության հարցերին նվիրված համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարող եմ ասել միայն, որ այսօրվա դրությամբ Իրաքից նման խնդրանք չի եղել, ինչպիսին եղել է Բաշար Ասադի կողմից: Եթե նման խնդրանք ստանանք, դա անպայման կքննարկվի, բնականաբար, համապատասխան կարգով»,-ասել է նա:

Անտոնովի խոսքով, Ռուսաստանն ունի Ասադի գրավոր դիմումը, եւ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները օրինական հիմք ունեն ու համապատասխանում են միջազգային իրավունքին: