«Բանդայի գործով» ամբաստանյալ, արդեն 3.5 տարի ազատազրկման մեջ գտնվող Քյարամ Ամոյանի նկատմամբ նշանակված նոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի փաստաբանը՝ Սամվել Հովհաննիսյանը:
«Փորձաքննության եզրակացությունը նոյեմբերի 4-ին կայանալիք դատական նիստի ժամանակ կհրապարակվի»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին չի կարող մանրամասներ հայտնել արդյունքներից:
Հիշեցնենք, որ նոր փորձաքննությունը նշանակվել էր հուլիսի 27-ին:
Նշենք, որ 2014թ.-ի մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը: Նույն թվականի նոյեմբերի 10-ին քննությունը վերսկսվել էր: 2015թ. փետրվարին կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել, որից հետո դատավարությունը նորից հետաձգվել էր:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման:





























