Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս մասին նշվել է նախօրեին հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած «Հայկական վերածնունդի» կառավարման խորհրդի նիստում:

Արձանագրելով, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման առաջարկությունները մասամբ են տեղ գտել սահմանադրական փոփոխությունների նախագծում, կառավարման խորհուրդը միաձայն վերահաստատել է, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որը ընդգրկում է շուրջ 140 կազմակերպություն, իրականացվող գործընթացներում հանդես կգա որպես առանձին բեւեռ իր շտաբով, որի միջոցով կհամակարգվեն «Հայկական վերածնունդ»-ին մաս կազմող հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, ընտրական հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց աշխատանքները:

Միեւնույն ժամանակ, միավորումը պատրաստակամ է ընդունված որոշման շրջանակներում համագործակցելու համանման դիրքորոշում ունեցող բոլոր կազմակերպութ¬յունների, շարժումների եւ միավորումների հետ:

Մատնանշելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման կարեւորությունը՝ նիստում քննարկվել է ս.թ. հոկտեմբերի 21-22-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության մասնակցության հարցը, որը համագումարի ժամանակ ԵԺԿ անդամ կուսակցություններին կներկայացնի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գործունեությունը եւ նպատակները: