Երեւանում այս տարի վերանորոգվել է 672 շենքերի հարթ տանիք, ինչպես նաեւ 719 շենքերի թեք տանիք: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հոկտեմբերի 19-ին կայացած խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտել նախատեսված բոլոր աշխատանքները՝ խիստ վերահսկողության տակ պահելով կատարվող աշխատանքի որակը:
«Իմ խորին համոզմամբ այս ուղղությամբ աշխատանքները պետք է վաղուց ավարտված լինեին, ինչը չի արվել թերեւս այն պատճառով, որ գնման գործընթացում ավարտական ժամկետն այնքան էլ ճիշտ սահմանված չէ: Այս մասով հաջորդող տարիների համար սահմանեք առավել խելամիտ ժամկետ: Իսկ այս տարվա աշխատանքների հետ կապված ակնկալում եմ, որ կարճ ժամկետում ամբողջությամբ ավարտեք այն, ընդ որում խստորեն հետեւելով, որ դրանք կատարվեն որակյալ: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ այս աշխատանքների իրականացումը նախ եւ առաջ համատիրությունների ուղղակի պարտավորությունն է, եւ Երեւանի քաղաքապետարանը ամեն տարի, որպես բարի կամքի դրսեւորում, օժանդակում է այդ աշխատանքների կատարմանը: Ըստ այդմ, վարչական շրջանների ղեկավարները պետք է խստորեն պահանջեն ու վերահսկեն համատիրությունների աշխատանքը, որպեսզի ամեն ինչ կատարվի սահմանված ժամկետում ու համապատասխան որակով: Ոչ մենք եւ ոչ էլ մեր բնակիչները պարտավոր չենք համակերպվել իրենց սահմանած աշխատաոճին: Խստորեն հետեւեք, որ ըստ պատշաճի կատարեն իրենց պարտավորությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:





























