Սեպտեմբերին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բնակչությանը եւ փոքր բիզնեսին կառավարության կողմից տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 923,8 մլն դրամ։ Նախորդ ամսվա համեմատ այն նվազել է շուրջ 84,3 մլն դրամով՝ պայմանավորված, գերազանցապես, բնակիչ-բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ծավալների կրճատմամբ։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պաշտոնական տվյալների, բնակիչ-բաժանորդների կողմից սեպտեմբերին սպառած էլեկտրական էներգիայի սակագնի՝ ՀՀ կառավարության ստանձնած սուբսիդավորման ենթակա գումարի չափը կազմել է 901,2 մլն դրամ՝ նախորդ ամսվա 986,8 մլն դրամի դիմաց։
0.38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչեւ 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների («ՓՄՁ»-ների)՝ (ամսական մինչեւ 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին սեպտեմբերի համար էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարի չափը կազմել է 22,6 մլն դրամ՝ նախորդ ամսվա 21,2 մլն դրամի դիմաց։





























