Շուրջ 1400 երեւանցի  ծնողներ հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակների հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բոլոր զորամասերում ծնողների համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել՝ ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Ծնողները նաեւ ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով, իսկ որոշ սպաներ՝ Երեւանի քաղաքապետարանի զինանշանով ժամացույցներով: Շնորհակալագրերի հետ զինվորներին եւ սպաներին որպես նվեր փոխանցվել է նաեւ բանաստեղծ Արա Ալոյանի «Համանվագ ցավի եւ հարության» պոեմը՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոս  Էդվարդ Պողոսյանի (Մգո) հիշատակին: Բոլոր զորամասերին Երեւանի քաղաքապետարանի կողմից նաեւ անհրաժեշտ գույք է տրամադրվել:

Ինչպես եւ նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ էլ ծնողները հնարավորություն են ստացել շրջել զորամասերում, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զորամասի ճաշարաններում էլ ծանոթացել են ճաշացանկին ու սննդակարգին:

Զինվորական հրամանատարությունն ընդգծել է, որ այս այցելությունները ոչ միայն սոցիալական, այլեւ բարոյահոգեբանական շատ կարեւոր նշանակություն ունեն բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով: