Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ուկրաինայում իր  նկատմամբ մարդու իրավունքների մշտական ոտնահարումների կապակցությամբ։ Այս մասին ասված է Յանուկովիչի շահերը ներկայացնող Joseph Hage Aaronson LLP բրիտանական փաստաբանական ընկերության հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Յանուկովիչի փաստաբան Ջո Հեյգի խոսքով՝ նախկին նախագահը սկսել է դատական գործընթացը, քանի որ արդեն ակնհայտ է, որ Ուկրաինայի իշխանությունները միանշանակ մտադիր են նրա դեմ քրեական հետապնդում սկսել։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը անարդար դատական գործընթացներ է թույլ տվել, որոնք ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքը՝ ներկա լինել դատարանում եւ պաշտպանվել ներկայացրած մեղադրանքներից։

«Ուկրաինայի դատախազության մարմինները քաղաքական ճնշման տակ են գտնվում։ Նրանց նպատակը կեղծ քրեական մեղադրանքներ ապահովելն է, դրանց թվում այնպիսիք, որոնք ստեղծվել են միայն նախագահ Յանուկովիչի դեմ ԵՄ պատժամիջոցները կիրառելու համար»,- հավելել է նա։