ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2015 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 30-ամյա Ա.Զիլֆիմյանը, նախապես տեղեկանալով, որ նախկին կինն այդ պահին գտնվում է քրոջ տանը, այցելել է նրան՝ համոզելու, որ վերադառնա, եւ շարունակեն իրենց համատեղ ընտանեկան  կյանքը։ Մերժում ստանալով, վերջինիս սպանելու դիտավորությամբ՝ տղամարդը գուլպայի միջից հանել է կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակը եւ բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ տուժած կնոջ քրոջ ամուսնու միջամտության արդյունքում։ 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 30-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: