Աշտարակ քաղաքում հոկտեմբերի 14-ին տնամերձ հողատարածքից 4-ամսական երեխայի դի հայտնաբերելու դեպքով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա Արմինե Խաչատրյանին, որը երեխայի հոր երկրորդ կինն  է:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ մեղադրանք է առաջադրվել 304-րդ հոդվածի 1-ին մասով(դիտավորյալ սպանություն), կինը կալանավորված է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը Աշտարակի Վանա լիճ կոչվող թաղամասում՝ գետնափոր կիսակառույց շինության տնամերձ հողատարածքում, 4-ամսական երեխայի դի է հայտնաբերել: Պարզվել է, որ երեխային թաղել են ընտանիքի անդամները 7 տարի առաջ: Նրա մայրը՝ Անժելան, որը երեխայի հոր առաջին կինն է ու ապրում է ամուսնու, իր երկու երեխաների, ամուսնու երկրորդ կնոջ, նրա երեխաների հետ, պատմել է, որ երեխան մահացել է ամուսնու երկրորդ կնոջ կողմից քարով հասցված հարվածից: Նա ասել է, որ դեպքը պատահել է, երբ ինքը տանը չի եղել, իրեն դրա մասին պատմել է սկեսուրը:

Ընտանիքի հարեւանուհին NEWS.am-ին պատմել էր, որ ընտանիքի հայրը՝ Հակոբը, սկզբում ամուսնացած է եղել Անժելայի հետ, տարիներ հետո տուն է բերել Արմինեին: Նա առաջին կնոջից ունի 2, երկրորդից՝ 3 զավակ: Անժելան հարեւանուհուն ասել է, որ ինքը շարունակել է ապրել Հակոբի հետ որպես գործընկերուհի, երբ Հակոբն ամուսնացել է Արմինեի հետ: Ընտանիքն ապրում է գետնափոր կիսակառույց տանը, ընտանիքի բոլոր անդամները քնում են միասին՝ գոտնափորում տեղավորվող միակ երկտեղանոց մահճակալին: