Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում, հոկտեմբերի 17-ին, «Ռոստելեկոմի» հետ համատեղ արդեն երկրորդ անգամ անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար։
Մրցաշարին մասնակցում էին ընտրական փուլն անցած 43 պատանի շախմատիստներ։ Թեժ պայքարի եւ ինը տուրերի արդյուքներով տղաների մրցապայքարում հաղթող ճանաչվեց՝ Սարգիս Սարգսյանը (12տ․), աղջիկների մրցապայքարում՝ Քրիստինե Սմբատյանը (13տ․)։ Մարզադպրոցի խորհրդի հետ համատեղ որոշմամբ «Ռոստելեկոմի» կողմից հատուկ մրցանակ շնորհվեց նաեւ Վանաձորի դպրոցի սան Հասմիկ Քոչինյանին (10տ․), ով վերջերս շախմատի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ մրցանակային տեղը։
Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում երիտասարդ շախմատիստներին հանդիսավոր պայմաններում մրցանակներ հանձնեց «Ռոստելեկոմի» կոմերցիոն տնօրեն՝ Սեդրակ Ղուշչյանը։
Պաշտոնական հատվածի ավարտից հետո, սկսվեց «Ռոստելեկոմի» անակնկալ համերգային ծրագիրը՝ նախատեսված դահլիճում ներկա հարյուրավոր վանաձորցիների համար։ Երեկոյի ընթացքում հնչեցին սիրված երգիչների՝ Արսեն Գրիգորյանի, Հասմիկ Կարապետյանի եւ Վարդան Բադալյանի կատարումները։
Միջոցառումը եզրափակվեց կինոդիտումով, որի հեռարձակումն իրականացվում էր «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության՝ Youtube ծրագրային հավելվածի միջոցով։
Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը կառուցվել է 2009թ.-ին: Այսօր մարզադպրոց հաճախում են 350-ից ավելի աշակերտներ։
2014թ․-ից մարզադպրոցն անվճար ապահովված է «Ռոստելեկոմի» գերարագ ինտերնետ կապով եւ ակտիվ մասնակցություն է ունենում առցանց տեղական եւ միջազգային մրցաշարերի։
Մարզադպրոցը տվել է մեկ գրոսմաստեր, երեք միջազգային վարպետ եւ մեկ տասնյակին մոտ ՖԻԴԵ-ի վարպետներ։ Դասավանդում են միջազգային կարգ ունեցող հայազգի մարզիչներ (Արարատ Հովհաննիսյանը եւ Գառնիկ Ներսեսյանը), նրանց թվում է նաեւ մարզադպրոցի տնօրեն՝ ՖԻԴԵ-ի վարպետ՝ Արշակ Ռամազյանը:
Մարզադպրոցում անց են կացվում նաեւ «Շախմատը դպրոցում» առարկայի ուսուցիչների վերապատրաստման եւ կատարելագործման աշխատանքները, գործում է ՀՀ շախմատի ակադեմիայի մասնաճյուղը:
(1).jpg)
.jpg)
.jpg)





























