Լիբանանը Հայաստանի կողքին է եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում էլ է աջակցում Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին, հոկտեմբերի 18-ին, Ժնեւում Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակներում;
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող, միջազգային հարթակներում եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչն են. խորհրդարանների մակարդակով շփումների ակտիվացումը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում է փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ վստահեցրել, որ Լիբանանը Հայաստանի կողքին է: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Լիբանանի խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է իր վերաբերմունքը. Լիբանանն այս հարցում էլ է աջակցում Հայաստանի Հանրապետությանը:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ պարոն Բըրրին ցավով նշել է, որ սպառված են խնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման բոլոր հնարավորությունները, ուստի անհրաժեշտ է Սիրիայում պարզապես ուժով դադարեցնել տեղի ունեցող վայրագությունները:
Գալուստ Սահակյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստանի Հանրապետություն եւ ստացել փոխադարձ հրավեր:




























