Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի ոստիկանության ձերբակալած 50 օտարերկացիներից 24-ը երեխաներ էին, որոնց մարզում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործակալների ստեղծած կենտրոններում՝ Ստամբուլում: Այս մասին գրում է «Վաթան թերթը», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օտարերկրացիները Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիներ են: Նրանց ձերբակալել էին Ստամբուլում հակաահաբեկչական ռեյդի ժամանակ, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 10-ին Անկարայում կատարված ահաբեկչության կապակցությամբ: «Դողան» գործակալության տեղեկություններով, նրանք մտադիր էին Իրաք ու Սիրիա մեկնել՝ ԻՊ-ին միանալու նպատակով:

«Վաթանի» տեղեկություններով, ԻՊ գործակալները մինչեւ 18 տարեկան երեխաներին զինյալներ դարձնելու նպատակով նրանց մարզում էին Փենդիք ու Բաշակշեխիր թաղամասերի բնակելի տների նկուղային շինություններում: Նրանց սովորեցնում էին ծայրահեղական գաղափարախոսության հիմունքները, սկզբունքները ու ԻՊ հանցավոր գործունեության մեթոդները: