Ռուսաստանի Արտգործնախարարությունը Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին զրույցի է հրավիրել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ՌՕՈւ ինքնաթիռը վտանգավորության աստիճան մոտեցել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի ինքնաթիռին:

Ինչպես հաղորդում է ռուսական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը, Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին նախարարություն կանչելը պայմանավորված է այն միջադեպով, որը տեղի է ունեցել հոկտեմբերի  19-ի առավոտյան, երբ Ֆրանսիայի ՌՕՈւ  ինքնաթիռը վտանգավորության աստիճան մոտեցել է այն ինքնաթիռին, որում գտնվում էր ռուսական խորհրդարանական պատվիրակությունը՝ Նարիշկինի ղեկավարությամբ:   

Ռիպերի հետ զրույցում Ռուսաստանի Արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ Փարիզի նման գործողություններն ի չիք են դարձնում Ֆրանսիան որպես հանդիպումների եւ բանակցությունների վայր օգտագործելու հնարավորությունը, տեղեկացնում է  PBK-ն:

Ռուսական պատվիրակությունը Ժնեւ էր ուղեւորվում Միջխորհրդարանական միության  133-րդ վեհաժողովին մասնակցելու: