Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը կասկածի տակ չդրեց Հայոց ցեղասպանության փաստը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի ելքը: Ստրասբուրգի դատարանի Գերագույն պալատի որոշումն ավելի դրական էր, քան Ստորին պալատինը: Շարմազանովի խոսքով, դա կարելի է ձեռքբերում համարել:
«Եթե Ստորին պալատի որոշման մեջ անընդունելի ձեւակերպումներ կային, ապա Գերագույն պալատի որոշումը մենք միանշանակ գնահատում ենք, քանի որ պալատի դատավորներից ոչ ոք կասկածի տակ չդրեց Հայոց ցեղասպանության իրողությունը»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին Եվրադատարանի Գերագույն պալատը Շվեյցարիայի դեմ Փերինչեքի ներկայացրած հայցով կայացրած վճռից հանել էր Ստորին պալատի գնահատականը, որով կասկածի տակ էր դրվում Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ Ստորին պալատ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին Եվրադատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել էր ՄԻԵԴ որոշումը:




























