Աչաջուրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ մեղադրվող Գագիկ Ալավերդյանին չեն տեղափոխում ԱԱԾ մեկուսարան, թեեւ քննիչը համապատասխան գրությունը ՔԿՎ պետին ուղարկել է դեռ մեկ ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

«Գագիկ Ալավերդյանը պետք է առերես ճանաչի վկաներից մեկին, սակայն գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, որտեղ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Այդ պատճառով ես միջնորդել էի, որ նրան տեղափոխեն ԱԱԾ մեկուսարան: Քննիչը համապատասխան գրությունն արդեն ուղարկել է, սակայն հիվանդանոցից չեն տեղափոխում: Հիմա հարց է առաջանում՝ միտումնավո՞ր են այդպես վարվում»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Փաստաբանի խոսքով՝ իրենք միջնորդել են նաեւ, որ Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյանների եւ Գագիկ Ալավերդյանի եւ նրանց կողմնակիցների միջեւ առերեսում լինի:

«Ամեն անգամ, երբ երկարաձգվում է կալանքի ժամկետը, քննիչը մշտապես նշում է, որ հիմնավոր կասկածը հիմնված է ոչ միայն տուժողի ցուցմունքների, այլեւ մեղադրյալների կողմնակիցների տված ցուցմունքների վրա, սակայն թե ովքեր են այդ կողմնակիցները, եւ ինչ ցուցմունք են տվել, մեզ չեն հայտնում, որովհետեւ նախաքննական գաղտնիք է: Ես էլ միջնորդել եմ, որ իմ պաշտպանյալների եւ այդ կողմնակիցների միջեւ առերեսումներ լինեն, սակայն առ այսօր պատասխան չեմ ստացել»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Սաշա Ղալթախչյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Գագիկ Ալավերդյանի, Հովհաննես Ղալթախչյանի եւ մի խումբ այլ անձանց հետ 2015թ. հունվարի 17-ին առեւանգել է Մեխակ Մելիքբեկյանին, որին տեղափոխել է Տավուշի մարզում գտնվող «Ջողազ» կոչվող վայր, ծեծի ենթարկել նրան եւ պահանջել խոստովանել, թե իբր ինքն է կատարել Տ.Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը։

Չորս երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ սպանության փորձը կատարվել է 2013թ.-ին, իսկ գործով ձերբակալված անձն էլ քննիչներին հայտնել է, որ գյուղապետն ու մի շարք անձինք իրեն առեւանգել են եւ ստիպել, որ սպանության փորձն իր վրա վերցնի: Այս դեպքով երկու քրեական գործ կա հարուցված: