Երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ եւ մարմնական վնասվածքներով հոսպիտալ տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը շարունակվում է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Արման Թադեւոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ դատարանը որոշում է կայացրել ցուցմունք տալու հրավիրել Մհեր Խլղաթյանին:

«Հոկտեմբերի 23-ին կայանալիք դատական նիստում պետք է ցուցմունք տա Մհեր Խլղաթյանը»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանում էլ Խլղաթյանը ցուցմունք է տվել՝ նշելով, որ դեպքից ոչինչ չի հիշում

Նշենք, որ հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց դատավճիռը, որով զինծառայողներ Արման Թադեւոսյանը, Հրաչ Մնացականյանը եւ Իշխան Կիրակոսյանը դատապարտվեցին 4, իսկ Վահե Օհանյանը՝ 4.5 տարվա ազատազրկման: Մեղադրող կողմը գործով կալանավորված, զինծառայողներ Արման Թադեւոսյանի, Հրաչ Մնացականյանի եւ Իշխան Կիրակոսյանի համար պահանջել էր 5, իսկ կրտսեր սերժանտ Վահե Օհանյանի համար՝ 6 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանին, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին  եւ Իշխան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Վահե Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՔՕ 358.1 հոդվածի 2-րդ մասով: