Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նպատակահարմար չի համարում Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումը՝ այնտեղից փախստականների նոր հոսքը կանխելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք խոսել ենք տարածաշրջանի մեր գործընկերների՝ ամերիկացիների ու թուրքերի հետ: Իմ անձնական տպավորությունն այն է, որ վերջին շաբաթների իրադարձությունները, մասնավորապես ռազմական գործողությունների ակտիվացումը Սիրիայի հյուսիսային մասում, փոխել են դրույքները: Այսօր, երբ ահաբեկիչները ուժեղացնում են իրենց գործունեությւոնը, անհնար է պատկերացնել, որ կարելի է ստեղծել հումանիտար գոտիներ, որոնք պաշտպանված կլինեն բոլոր վտանգներից, ամբողջովին ազատված ԻՊ –ի ու ահաբեկչական մյուս խմբավորումների ներկայությունից: Այնպես որ, պետք է շատ զգույշ լինել»,- ասել է Մոգերինին Bruxelles2 տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է անվտանգության գոտիներ ստեղծել՝ կանխելու համար փախստականների նոր ալիքները քանի դեռ «ռազմական գործողությունները շարունակվում են, ու ռեժիմի ուժերը ռազմական գործողություններ են վարում հատկապես Հալեպի նման խոշոր քաղաքներում»:

Սիրիայից Թուրքիայի տարածք տեղափոխված փախստականների թիվն արդեն  գերազանցում է 2 միլիոնը: