Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  ս.թ. հոկտեմբերի 20-ին հանդիպեց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին եւ նվիրաբերեց մոտ 132.000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ եւ համակարգչային ծրագիր:

Այս նվիրաբերությունը, որը ներառում է 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 CISCO ցանցային սարք, եւ Acrobat Adobe Pro ծրագրի լիցենզիաներ, կօգնի ստեղծել քրեական գործերի վարման նոր համակարգ Հայաստանում՝ թույլ տալով թվայնացնել քրեական գործերը նպաստել քննչական գործողությունների արդյունավետությանը եւ բարելավել փաստաթղթաշրջանառությունը տարբեր ստորաբաժանումների միջեւ: Բացի այդ, նվիրաբերված սարքավորումները թույլ կտան բարելավել կապը ոստիկանության տվյալների բազաների հետ:

Աջակցելով քրեական գործերի թվայնացմանը՝ ԱՄՆ դեսպանությունը սատարում է Քննչական կոմիտեին քննությունների թափանցիկության ու հաշվետվողականության ամրապնդման հարցում՝ արհեստավարժության եւ անկախության մեծացման միջոցով:

«Դեռեւս 2015թ. փետրվար-մարտ ամիսներից քրեական գործերի թվայնացումը՝  որպես փորձարարական ծրագիր, ներդրվել է քննչական կոմիտեի երկու ստորաբաժանումներում՝ Արաբկիր,   Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժիններում: Թվայնացվել  է  458 քրեական գործ, դատավարության մասնակիցներին քրեական գործերի նյութերը տրամադրվել են լազերային սկավառակով, որոնց ընդհանուր քանակը կազմել է 35.108 թերթ, ինչը նաեւ զգալի ֆինանսական խնայողություն է՝ տարեկան շուրջ 60-70 մլն  դրամի չափով։

Բացի ֆինանսական կողմից, քրեական գործերի թվայնացումը նախաքննության ընթացքում հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել մարդկային, ժամանակային եւ այլ ռեսուրսները, լրջորեն կկրճատի կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց ՀՀ ՔԿ նախագահը՝ ավելացնելով, որ «դեսպանատան աջակցությամբ,  Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող  բոլոր մարմիններում եւ  ստորաբաժանումներում արդեն 2016 թվականից նախատեսվում է ներդնել քրեական գործերի թվայնացման ծրագիրը, եւ մոտ ապագայում կունենանք  Կոմիտեի կենտրոնական մարմինը տարածքային մարմինների ու ստորաբաժանումների հետ կապող ներքին ցանց»:

«Գործերի թվայնացմամբ ձեւավորվում է կայուն գործավարություն, դա օգնում է իրավապահներին ապահովել տվյալների ճշգրտությունը, թույլ է տալիս, որ գործերը հեշտությամբ հասանելի լինեն դատախազների ու փաստաբանների համար, - ասաց դեսպան Միլսը, - կարճ ասած, գործերի թվայնացմամբ Քննչական կոմիտեն ձեւավորում է առավել թափանցիկ համակարգ եւ մեծացնում է հանրային վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ: Ես ողջունում են հաշվետվողականության մեծացման ու կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով իրավապահ համակարգի արդիականացմանն ուղղված  Քննչական կոմիտեի նախաձեռնությունը»:

Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացման եւ առավել արդարացի ու թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը:

ՀՀ Քննչական կոմիտեի համար իրականացված օժանդակության այլ ծրագրերից նշենք վերջերս կայացած ճանաչողական այցը դեպի ԱՄՆ, որի շրջանակում մի խումբ քննիչներ ծանոթացան իրավապահ մարմինների կողմից իրականացվող ընտանեկան բռնության գործերի քննության հարցերին: Բացի այդ, Դեսպանության աջակցությամբ իրականացվում է անգլերենի ուսուցման դասընթացը, որին մասնակցում է մոտ 50 քննիչ:

ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին եւ արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 1,5 միլիոն ԱՄՆ դոլար:

«Միացյալ Նահանգներն աշխատում է հայ գործընկերների հետ անվտանգ, բարեկեցիկ ու ժողովրդավար պետություն կերտելու հարցում: Վստահ եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ սա հնարավոր չի լինի առանց ամուր արդարադատության համակարգի, որն ապահովում է իրավունքի գերակայությունը եւ արդարադատության թափանցիկ հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար, - ասաց դեսպան Միլսը, - Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել ՀՀ կառավարության հետ ձեւավորելու արդարադատության ամուր, թափանցիկ եւ հաշվետու համակարգ»:

ԱՄՆ դեսպանատան կողմից ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած աջակցության համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով դեսպան Միլսը պարգեւատրվել է «Համագործակցության մեդալ»-ով, իսկ դեսպանատան աշխատակիցները՝ հուշանվերներով: