Համաշխարհային բանկը շարունակական օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսության կարեւոր ոլորտների զարգացմանը, եւ ապագայում պատրաստ է ավելացնել ֆինանսական աջակցության ծավալը։ Այդ մասին ասել էՀամաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հարավային Կովկասի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին եւ ՀԲ այլ պաշտոնյաներ:

Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է նրանց պաշտոններն ստանձնելու առթիվ եւ բեղմնավոր աշխատանք մաղթել: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի՝ որպես ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ու բարեփոխումների գործում նշանակալի ներդրում ունեցող կարեւոր գործընկերոջ հետ 1992 թ. ի վեր ծավալված համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ընթացքում Հայաստանը վերոնշյալ տարածաշրջանի երկրների խմբում առանձնացել է պորտֆելի՝ միջինից բարձր կատարողականով եւ այսուհետ եւս պահպանելու է այդ ցուցանիշը: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, եւ կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել այն՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային նոր ծրագրերի իրականացմամբ:

Իր հերթին պարոն Մյուլլերը նշել է, որ մեծ պատիվ է այցելել Հայաստան, եւ բացառիկ է որակել մեր երկրի հետ բանկի համագործակցությունը: Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է պահպանել իր դիրքերը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի՝ կատարողականի լավագույն ցուցանիշներն արձանագրող երկրների շարքում, ինչը ողջունելի է եւ նպաստում է փոխգործակցության էլ ավելի զարգացմանը: Սիրիլ Մյուլլերը նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակական օժանդակություն է ցուցաբերում մեր երկրի տնտեսության կարեւոր ոլորտների զարգացմանը, եւ ապագայում պատրաստ է ավելացնել ֆինանսական աջակցության ծավալը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք արձանագրվել է, որ համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպն իր ազդեցությունն է թողնում ինչպես Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա: Այս համատեքստում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ կիրառել նոր գործիքներ եւ ճկուն մոտեցումներ առկա մարտահրավերները հաղթահարելու եւ տնտեսության կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այս առումով կառավարության ղեկավարը կարեւորել է ենթակառուցվածքներում ՀԲ աջակցությամբ ներդրումների իրականացումը: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ ոլորտում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաեւ Հարկային նոր օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին եւ առաջիկայում իրականացվելիք քայլերին:

Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել ՀԲ երեւանյան գրասենյակի հետ համագործակցության կապակցությամբ եւ շեշտել, որ հետեւողական է լինելու ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: