Աչաջուրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ մեղադրվող Գագիկ Ալավերդյանին չեն տեղափոխում ԱԱԾ մեկուսարան, քանի որ նա երկարատեւ բուժման կուրս ունի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ անդրադառնալով Ալավերդյանի փաստաբանի հայտարարությանը, թե նրան «Դատապարտյալների հիվանդանոց»-ից չեն տեղափոխում ԱԱԾ մեկուսարան, թեեւ քննիչը համապատասխան գրությունը ՔԿՎ պետին ուղարկել է դեռ մեկ ամիս առաջ:
ՔԿՎ հանրային կապերի բաժնից հրապարակման վերաբերյալ ուղարկել են հետեւյալ պարզաբանումը. «20.10.2015թ. NEWS.am-ում հրապարակված «Աչաջուրի առեւանգման գործ. մեղադրյալին միտումնավոր չեն տեղափոխում ԱԱԾ մեկուսարան» վերտառությամբ հրապարակման մեջ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշել է, որ «Գագիկ Ալավերդյանին չեն տեղափոխում ԱԱԾ մեկուսարան, թեեւ քննիչը համապատասխան գրությունը ՔԿՎ պետին ուղարկել է դեռ մեկ ամիս առաջ»:
Տեղեկացնում ենք, որ 19.09.2015թ. քննիչի կողմից ՀՀ ԱՆ ՔԿՎ պետին ուղղված գրությանն ի պատասխան՝ ս.թ. սեպտեմբերի 24-ին հայտնել ենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի կողմից տրվել է կարգագիր՝ Գագիկ Ալավերդյանին ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ տեղափոխելու համար:
17.09.2015թ. ստացվել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունը՝ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված դիմումի կապակցությամբ:
25.09.2015թ., պատասխանելով մարդու իրավունքների պաշտպանի գրությանը, ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից տեղեկացրել են, որ Գ. Ալավերդյանը 27.06.2014թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից շտապ տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ:
Ներկայումս Գ. Ալավերդյանը երկարատեւ բուժման կարիք ունի, ուստի հնարավոր չէ բավարարել նրան այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը»:
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Սաշա Ղալթախչյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Գագիկ Ալավերդյանի, Հովհաննես Ղալթախչյանի եւ մի խումբ այլ անձանց հետ 2015թ. հունվարի 17-ին առեւանգել է Մեխակ Մելիքբեկյանին, որին տեղափոխել է Տավուշի մարզում գտնվող «Ջողազ» կոչվող վայր, ծեծի ենթարկել նրան եւ պահանջել խոստովանել, թե իբր ինքն է կատարել Տ.Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը։
Չորս երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ սպանության փորձը կատարվել է 2013թ.-ին, իսկ գործով ձերբակալված անձն էլ քննիչներին հայտնել է, որ գյուղապետն ու մի շարք անձինք իրեն առեւանգել են եւ ստիպել, որ սպանության փորձն իր վրա վերցնի: Այս դեպքով երկու քրեական գործ կա հարուցված:





























