E5P ծրագրի շրջանակում քաղաքային էներգոարդյունավետության վերաբերյալ Հայաստանի հայտերը գերազանցել են 20 միլիոն եվրոյի քվոտան: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ծրագրի տնօրեն Անդերս Լունդը:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ղեկավարությամբ գործող E5P հիմնադրամը (էներգոարդյունավետության եւ շրջակա միջավայրի արեւելաեւրոպական գործընկերություն) 2015-ին Հայաստանն ընդունել է իր շարքերը: Առաջին նախագիծը 1,9 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհն է Երեւանի փողոցային լուսավորության բարելավման համար: Այն հավանության է արժանացել հոկտեմբերին 20-ին եւ EBRD-ի տրամադրած 3,7 միլիոն եվրոյի վարկին հավելում կլինի: Բացի այդ, ուսումնասիրության նախնական փուլում են Երեւանի մետրոպոլիտենին, ինչպես նաեւ Երեւանում եւ Կոտայքի մարզում աղբի հավաքմանը եւ Երեւանում աղբի վերամշակման գործարանի կառուցմանը վերաբերող նախագծեր:
Դրամաշնորհները տրվում են ի հավելումն ավելի խոշոր նախագծերի, այլ խոսքով ասած՝ այլ կազմակերպություններից ստացվող վարկերի: Առայժմ E5P-ն առավելապես աշխատում է միջազգային ֆինանսական այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք համաձայն են ավելի բարձր ռիսկեր ստանձնել. նման ռիսկերը բնորոշ են էներգոարդյունավետության նախագծերին:
«Բայց երբ ակնհայտ դառնա ձեր առաջին նախագծերի հաջողությունը, կարծում եմ՝ առեւտրական բանկերը կնկատեն դա եւ կիջեցնեն ռիսկերի իրենց գնահատականները, իսկ դրանց հետ էլ՝ դրույքների տոկոսները», - ասել է E5P-ի տնօրենը:
Այն հարցին, թե էներգաարդյունավետության նախագծերը կարող են պահանջարկ ունենալ բնապահպանական մեծ տուգանքներով երկրներում, Լունդը նշել է, որ հարցն ավելի շուտ էներգիայի գներն են:
«Ցանկացած երկրի համար շատ կարեւոր է բարձրացնել իր էներգետիկ անվտանգությունը: Հայաստանի ագրոոլորտը զգալի ներուժ ունի, որից հնարավոր է նորացվող էներգիա ստանալ», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ E5P-ին միանալով եւ պարտավորվելով 1 միլիոն եվրոյի անդամավճար մուծել, Հայաստանը մինչեւ 2019 թվականը քաղաքային էներգաարդյունավետության մինչեւ 20 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհի հնարավորություն է ստացել: Դրանից հետո ֆինանսավորումը կվերսկսվի:





























