Էքսգիբիցիոնիզմով տառապող մարդը (սեռահոգեբանական  շեղում, երբ անձը սեռական բավարարվածություն է ստանում սեռական օրգանը հասարակության մեջ ցուցադրելուց) հանրության համար վտանգավոր չէ, հանցագործություն կատարելու միտումներ չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սեքսոլոգ Սեւադա Հակոբյանը` նշելով, որ այս շեղումը հիմնականում տղամարդկանց մոտ է հանդիպում:

«Տղամարդն իր էրեկցիայի ենթարկված սեռական անդամը  անակնկալ ձեւով  վախ առաջացնելու  նպատակով պատահական բացում է ինչ-որ մի անձի  դիմաց կամ հասարակության մեջ: Այսպիսի հիվանդությամբ տառապող տղամարդը այդ արարքից հաճույք է ստանում, գիտնականները գտնում են, որ այս արարքից հաճույք ստանալու հանգամանքը պայմանավորված է ոչ միայն էրեկցիայի ենթարկված սեռական անդամը ցույց տալով, այլեւ ուրիշների մոտ անակնկալ վախ առաջացնելու մեխանիզմներով»,-ասաց Սեւադա Հակոբյանը` նշելով, որ այս հիվանդությունը համարվում է սեռական խանգարում, պարաֆիլիա, որը պայմանավորված է նաեւ հոգեսեռական զարգացման խանգարումներով:

«Բուժական միջամտություն է հարկավոր, իսկ եթե անհատի մոտ առկա է լինում նաեւ հոգեկան բնույթի խանգարում, ուրեմն պրոբլեմը մտնում է նաեւ հոգեբույժների կոմպետենցիայի մեջ, բուժումը պետք է լինի համատեղ` սեքսոլոգիական եւ հոգեբուժական»,-ասաց սեքսոլոգը:

Սեւադա Հակոբյանի խոսքով, եթե Էքսգիբիցիոնիզմով տառապող մարդը պարբերաբար  նույն վայրում, նույն մարդկանց իր սեռական օրգանը ցուցադրելով վախ է պատճառում, հնարավոր է, որ հարցը լուծվի իրավական ճանապարհով, սակայն այս հիվանդներին առաջին հերթին հարկավոր է բժշկական օգնություն: Նրա խոսքով, Հայաստանում այսպիսի դեպքերի թիվը մեծ չէ, եւ Էքսգիբիցիոնիզմով տառապողները հինականում չեն դիմում սեքսոլոգների:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Երեւանի գետնանացումներից մեկում 3 անչափահաս աղջիկների իր սեռական օրգանը ցույց տալուհամար մեղադրվող 57–ամյա Անդրանիկ Մարաբյանի գործով դատաքննությունը: Անդրանիկ Մարաբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ. 142 հոդվածի 2-րդ մասով` ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: