Մոլդովայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Մեր կուսակցության» ղեկավար Ռենատո Ուսատին, իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվելու մտավախության պատճառով հեռացել է Մոլդովայից: Facebook սոցիալական ցանցի իր էջում նա տեղեկացրել է, որ Մոսկվա է մեկնում:
Ուսատիի խոսքով, երկրի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի եւ գործարար Իլան Շորի սկանդալային հեռախոսային խոսակցությունների հրապարակումից հետո ձերբակալվելու մտավախություն ունի: Գործիչը նաեւ տեղեկացրել է, որ «հայրենասիրական տրամադրված սպաներն» իրեն հաղորդել են վտանգի մասին: «Երեկոյան եթեր դուրս կգամ Մոսկվայից: Երկու օր անց կվերադառնամ»,- գրել է Ուսատին:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 15-ին Վլադ Ֆիլատը Մոլդովայի խորհրդարանի շենքում ձերբակալվել է՝ միջոցների հափշտակմանը մասնակցության կասկածանքով: Երեք օր անց նրան 30 օրով կալանավորել են:
Մոլդովայում քաղաքական ճգնաժամը սկսվել է սեպտեմբերի սկզբին: «Արժանապատվություն եւ արդարություն» շարժման կողմնակիցները ցույցեր են անցկացնում՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, կառավարության եւ նախագահի հրաժարականը, պետության ղեկավարի համաժողովրդական ընտրությունների անցկացում, ինչպես նաեւ բանկային համակարգից գողացված միլիարդների վերադարձ: Սեպտեմբերի 25-ից անժամկետ ցույցեր են սկսել նաեւ Սոցիալիստական կուսակցությունն ու «Մեր կուսակցությունը»:




























