Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի խորհուրդը (ԿԶԵՀ, նախկինում՝ ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամ) հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել 300 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու մասին Հայաստանի հայտի առնչությամբ: «Ռազմավարական պլանավորում Ռուսաստանի շրջաններում. ընտրության տարածք եւ տարածքի ընտրություն» համառուսական XIV ֆորումի ժամանակ ՏԱՍՍ գործակալությանն ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նախագահ Դմիտրի Պանկինը:
«Առաջիկայում կդիտարկենք 300 մլն դոլարի չափով վարկի շուրջ Հայաստանի հայտը՝ 20 տարի ու եւս 10 տարի արտոնյալ ժամկետով, տարեկան 2% տոկոսադրույքով»,- ասել է Պանկինը:
Նա հստակեցրել է, որ փորձագետների եզրակացությունը պատրաստ է, վարկի տրամադրման պայմանների շուրջ հանրապետության հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել: «Հիմա հիմնադրամի խորհրդում քվեարկություն է, եւ մենք ակնկալում ենք, որ այս շաբաթ խորհուրդը որոշում կկայացնի»,- նշել է Պանկինը:
ԿԶԵՀ-ը տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է՝ 8.5 մլրդ դոլարով: 2009 թվականին այն հիմնել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:




























