Մենք չենք փոխում Սահմանադրությունը, այլ քաղաքական դաշտը կայունացնող փոփոխություններ ենք կատարում Սահմանադրության մեջ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ ավելացնելով, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը Ազգային ժողով հնարավորինս շատ քաղաքական ուժեր բերելն է:

«Վերջին տարիներին հասած մեր հաջողությունները քիչ են, այդ պատճառով փոփոխում ենք մայր օրենքը: Սահմանադրական հիմունքները մեզ մոտ երբեք չեն փոխվել, փոխվել է կառավարման ձեւը: Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովի մանդատն առաջնային է դառնում. պատգամավորները կմնան կայուն, իսկ Կառավարությունը կդառնա փոփոխական, ինչը կայունության երաշխիք է»,- նշեց ՀՀԿ պատգամավորը:

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ ՀՀԿ-ականները քաղաքական պատվեր չեն կատարում՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին:

«Մեր նպատակն է հասարակության մոտ ճիշտ կարծիք ձեւավորել հանրաքվեից առաջ: Բոլորն էլ պետք է խոսեն, որպեսզի քաղաքացին տեղյակ լինի»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հակոբ Հակոբյանը նշեց, որ շատ քաղաքական ուժեր բողոքում էին մեծամասնական ընտրակարգից, ինչը սահմանադրական փոփոխությունների արդյունքում վերանում է:

«Հանում ենք մեծամասնականը, որ իրենք գան, կայունանան, էլի բողոքում են, գնացեք, դուք արեք, մենք էլ ո՞րն անենք»,-ասաց նա:

Պատգամավորը վստահեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով վերանում է անհատի կերպարը, անցում է կատարվում ինստիտուտի գաղափարին:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին, քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից: