Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդում է, որ դերասանի դեմ իր ներկայացրած քաղհայցը քննվի դռնփակ դատական նիստով: Միջնորդությունը Ռուբեն Բալոյանը ներկայացրեց այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

«Տաթեւիկ Հակոբյանի հիվանդության վերաբերյալ բժշկական տեղեկանքներ են ներկյացվելու, որոնք խիստ անձնական են եւ հայցվորը դրանք չի ցանկանում դարձնել քննարկման առարկա՝ ելնելով մասնավոր կյանքի անձեռնմխելիությունից»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ նույն դեպքով քրեական գործի քննության ժամանակ հասարակությունը տեւական ժամանակ քննարկել է տուժող Տաթեւիկ Հակոբյանի առողջական վիճակը, ինչը  նրան «հոգեկան տառապանք ու անհարմարություն» է պատճառել:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Ռուբեն Բալոյանի միջնորդությունից հետո դատարանում հայտարարեց, որ Տաթեւիկի բուժման ծախսերի վերաբերյալ կողմերի միջեւ վեճ չկա եւ դատարանն այս մասով հայցը պետք է չընդուներ անգամ:

«Հայցի միայն 80 տոկոսն է կազմում Տաթեւիկ Հակոբյանի առողջական ծախսերը: Այդ մասով վեճ չկա, մենք պաշտոնապես ասել ենք, Վարդան Պետորսյանն էլ կգա, կհայտնի իր դիրքորոշումը, որ Տաթեւիկ Հակոբյանի առողջության հետ կապված ոչ մի վեճ չկա մեր մեջ: Թող դիմեն ապահովագրական ընկերությանը, որ մասը չվճարի, այդ մասը Վարդան Պետրոսյանը կվճարի: Եթե վեճ չկա, ի՞նչ կարիք կա նիստը դռնփակ անցկացնել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ռուբեն Բալոյանը նշեց, որ վեճ է եղել նաեւ Վերաքննիչ բողոքի ժամանակ, պայման է եղել, որ Վարդան Պետրոսյանը ծախսերը կվերցնի իր վրա, եթե տուժող կողմը Վճռաբեկ բողոք չներկայացնի, սակայն վերջնական համաձայնության չեն եկել:

Ռուբեն Բալոյանի խոսքին արձագանքեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ վերաքննիչը տուժող կողմի այդ հայցը պարզապես չի ընդունել: Դատական նիստը շարունակվում է:

Նշենք, որ Հակոբյանները քաղհայց են ներկայացրել, որով 3 մլն 400 հազար դրամի չափով գումար են պահանջում որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ գործով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման եւ փաստաբանի վարձավճարի համար։

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանն այժմ պատիժը կկրի բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալու ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք է ունենալու, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով: