«Նաիրիտ» գործարանի համար ներդրող գտնելու դեպքում 18 ամիս անց հնարավոր կլինի վերագործարկել այն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:
«Նաիրիտը» պետք է դիտարկել որպես Հայաստանի բրենդ, քանի որ այն ունիկալ ձեռնարկություն է, եւ դրա վերագործարկումը կարեւոր է: «Նաիրիտի» վերագործարկման 3-4 ծրագիր կա, որոնք այժմ ուսումնասիրվում են, կարծում եմ, որ գործարանի վերագործարկման համար ընդամենը քաղաքական կամք եւ որոշում է պետք »,- ասաց նա:
Հրաչ Թադեւոսյանի խոսքով, Համաշխարհային բանկի անցկացրած աուդիտը, ըստ որի, գործարանի վերագործարկումը Հայաստանի համար շահավետ չէ, սխալ է, քանի որ 1990թ. սկսած Համաշխարհային բանկը նույն կարծիքին է եղել, սակայն գործարանն իր արտադրանքը իրացնելու խնդիր երբեւէ չի ունեցել:
«Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն էլ նշեց, որ «Նաիրիտի» վերագործարկումը նաիրիտցիների համար միշտ էլ առաջնահերթ խնդիր է եղել եւ դրա լուծման համար նախկին աշխատակիցները մինչեւ վերջ գնալու են:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացրել է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:





























