ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի ցանկանում գուշակություններ անել, թե արդյոք Ռուսաստանի Հայերի միության եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հաջողության կհասնի Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու դեպքում:

NEWS.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը, սակայն, նշեց, որ դեմ չէ Արա Աբրահամյանի՝ քաղաքական դաշտ մտնելու մտադրությանը: 

«Ես էդ հարցում շատ դեմոկրատ եմ, շատ ազատամիտ, Արա Աբրահամյանն ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող զբաղվի: Տեսնո՞ւմ եմ խորհրդարանում, թե՞ ոչ ճանապարհի խնդիր է: Չեմ կարող ասել՝ ինչ կսպասվի, իմ ոլորտը շատ ռեալ է, ես գուշակություններով չեմ զբաղվում»,-ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ինքը չի կիսում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանն Արա Աբրահամյանի միջոցով փորձելու է լրացնել այն դաշտը, որն ազատվել է Գագիկ Ծառուկյանից հետո:

«Ես ոչ մի նման կարծիքներ չեմ կիսում: Իմ տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր մարդ իր տեղն ունի եւ իր տեղի համար պետք է պայքարի»,-նշեց պատգամավորը:

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել էր, որ մտադիր է ստեղծել կուսակցություն, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: