ԱՄՆ-ում հրապարակվել են 2013 թվականի մայիսին ամերիկյան կոնգրեսականների՝ Բաքու կատարած այցի հետաքննության նյութերը: «ԱՄՆ-Ադրբեջան հանդիպում. հայացք ապագային» խորագրով համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ի տարբեր նահանգներից ավելի քան 300 մարդ է մեկնել Բաքու:

Վճարել են հյուրերի տրանսպորտային եւ հյուրանոցում իջեւանելու ծախսերը: Ամերիկացիները նաեւ նվերներ են ստացել. տարբեր չափի եւ արժողության գորգեր, հախճապակե սպասք եւ այլն: Այս մասին գրում Slon-ը:

Այդպիսի ուղեւորությունները, ըստ էության, թույլատրվում են, սակայն օրենքը սահմանափակում է կոնգրեսականների՝ այլ պետություններից նվեր ստանալու հնարավորությունը, եթե դրանց արժեքը գերազանցում է որոշակի գումարը. 2013 թվականի պարագայում այն կազմել է 350 դոլար: Այս դեպքում կոնգրեսականներից միայն մեկն է լրացրել անհրաժեշտ ձեւաթղթերը եւ ներկայացրել Էթիկայի հանձնաժողովին: Ընդ որում, տեղեկությունների համաձայն, միայն գորգերը մի քանի հազար դոլար են արժեցել, դրանցից մեկի գինը նույնիսկ 10 հազար դոլար է եղել:

Ուղեւորությունը կազմակերպել են հասարակական կազմակերպություններ, սակայն հետաքննության արդյունքում պարզվել է, որ հիմնական հովանավորն Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է եղել: Հաշվետվության համաձայն, ներկայացուցչական ծախսերի համար այն կազմակերպիչներից մեկին՝ Ադրբեջանի ընկերների վեհաժողովին (AFAZ) 750 հազար դոլար է փոխանցվել:

Միայն լոբբիստական գործունեության համար Ադրբեջանն ԱՄՆ-ում միլիոնավոր դոլարներ է ծախսում: «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, եթե 1990-ականների կեսերին այդ ծախսերը տարեկան մի քանի տասնյակ հազար էին կազմում, ապա 2000-ականների սկզբին դրանք կազմել են մի քանի հարյուր հազար դոլար, իսկ 2007 թվականին՝ ավելի քան 1 մլն դոլար:

2013 թվականին, ամերիկյան աղբյուրների համաձայն, Ադրբեջանը ներառվել է օտարերկրյա պետությունների տասնյակում, որոնք ԱՄՆ-ում լոբբիստական ծառայությունների համար ամենաշատ գումարն է ծախսել՝ շուրջ 2.2 մլն դոլար:

Ադրբեջանի օգտին լոբբիստական հաջող գործունեության հետ են կապում, մասնավորապես, Ջորջ Բուշ-կրտսերի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Լոբբիստական ծառայություններն օգտագործում են՝ տնտեսական եւ քաղաքական նպատակների հասնելու, ինչպես նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին վերաբերող քննադատությունը զսպելու համար:

Այդ քննադատությունը հայտնվում է ԱՄՆ պետքարտուղարության հաշվետվություններում, այն հնչում է նաեւ Եվրախորհրդարանի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հայտարարություններում: Բաքուն դրան պատասխան մեղադրանքներով է պատասխանում: Եթե հավատանք WikiLeaks-ին, այդ թեման քննարկվել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումներից մեկի ժամանակ: Ադրբեջանի նախագահին այսպիսի խոսքեր են վերագրում. «Մենք չենք ցանկանում, որպեսզի մեզ բռնապետություն համարեն», «Ինձ մեդիագիշատիչ են (predator of the press) կոչել. դա ազնիվ չէ», «Ես ձեր դաշնակիցն եմ, ինչո՞ւ եք սատարում նրանց, ովքեր իմ դեմ են հանդես գալիս»:

Լոբբիստները, այդ թվում՝ այնպիսի կառույցներում, ինչպիսին է ԵԽԽՎ-ն, կարող են երաշխիք հանդիսանալ, որ մարդու իրավունքներին վերաբերող նկատողությունները պատժամիջոցների չվերածվեն: Իսկ նրանց գովասանքներն իշխանությունները երկրի ներքում որոշակիորեն կիրառում են իրենց օգտին:  Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Էմին Միլլիի խոսքով, «եթե կոնգրեսականը որեւէ լավ բանի ասի Ալիեւի կամ նրա ռեժիմի մասին», Ադրբեջանում այն օրական տասնյակ անգամներ կցուցադրեն հեռուստատեսությամբ: