Անձնագրային եւ վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարվել է ակտիվացնել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության եւ համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները։ Հանձնարարությունն այսօր՝ հոկտեմբերի 21-ին փոխանցել է ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը, որը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Անձնագրային եւ վիզաների վարչությունում, որի ընթացքում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:

Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Միշա Սարդարյանին՝ կատարված աշխատանքի համար, Անուբաղ Համբարյանը համոզմունք հայտնեց, որ վարչության աշխատակիցները կշարունակեն բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը եւ կապահովեն բարեփոխումների արդյունավետ ընթացք:

Մնացական Բիչախչյանը հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ վստահությունն արդարացնելու եւ առաջադրված բոլոր խնդիրները կատարելու համար:

Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական եւ ծառայողական խնդիրների հետ քննարկվեց նաեւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցը:

Անուբաղ Համբարյանը Անձնագրային եւ վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց ի կատարումն ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումի՝ ակտիվացնել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության եւ համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները եւ պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:

Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաեւ այլ հանձնարարականներ: