Սեւանա լճի  ներսում կատարվող լուրջ էկոլոգիական փոփոխությունները ՝ ջրի ջերմաստիճանի բարձրացումը, ձկնապաշարի նվազումը կապված են լճի ջրի մակարդակի անընդհատ իջեցման եւ բարձրացման հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ նշելով, որ վերջին օրերին լճի մակարդակը 10 սանտիմետրով իջել է, որը հանգեցնելու է էկոլոգիայի փոփոխության, ձկնապաշարների կրճատման, լճի շրջակա միջավայրում տարբեր տեսակի կենդանական աշխարհի ոչնչացման:

«Ջրասուզակների միջոցով մեզ տեղեկություն էր հասել՝ լճի  ջրի մակարդակի իջեցման մասին, երբ մենք դիմեցինք համապատասխան պետական մարմիններին, Սեւանի խնդրով զբաղվող տարբեր պաշտոնյաներին, ոչ ադեկվատ պատասխաններ ստացանք: Փոխանակ խնդրով զբաղվելուն՝ պարզաբանում էին ուզում, թե որտեղից գիտենք, պարզ է, որ Սեւանա լճի խնդիրներով զբաղվող պատկան մարմինները լավ էլ տեղյակ էին, թե ինչ է լճի հետ կատարվում»,-ասաց բնապահպանը:

Սիլվա Ադամյանը Սեւանա լճի ջրի մակարդակի իջեցումը պայմանավորում է լճի ջուրն օգտագործվելու հանգամանքի հետ:

« Սեւանից  ջրբացթողումներ են եղել, որն էլ  մակարդակը 10 սանտիմետրով իջեցրել է, թե ուր է գնացել այդ օգտագործված ջուրը, հարցի այլ կողմն է: Կա կարծիք, որ այդ ջուրը մատակարարվել է ՀԷԿ-ին, ՀԷՑ-ին, որոնք որ էլեկտրաէներգիա են արտադրում: Ես ավելի շատ հակված եմ այդ վարկածին»,-ասաց բնապահպանը: