Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ նյութերը ոստիկանությունը հետ է ուղարկել գլխավոր դատախազություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Գլխավոր դատախազությունում դեռեւս որոշում չկա՝ ինչպես վարվել. մտնել ԱԺ եւ պահանջել անձեռնմխելիությունից զրկե՞լ ՀԱԿ խմբակցության ղեկավարին, ապա քրեական գործ հարուցել, թե՞ գործը փակել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Գեւորգ Կոստանյանը որոշել է փակել գործը, գլխավոր դատախազությունից դեռեւս պաշտոնական հաղորդագրություն չկա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին այս հարցով չի անհանգստանում:
«Իրավապահների տիրույթում է գործը, իրենք պետք է որոշում կայացնեն: Իսկ Զուրաբյանն էլ ուշադրություն գրավելու համար է այդ հայտարարությունն արել, նրա ցանկությունն է, որ այս գործը չփակվի, իր մասին շարունակեն խոսել: Հետագայում միեւնույնն է՝ նա նմանատիպ մի հայտարարություն էլ կանի, սենսացիա կփնտրի»,- մեզ հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Հայաստանի հասարակությունը չի աջակցում սահմանադրական փոփոխություններին: «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են. ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմց ստեղծված սահմանադրական հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին (ինքը զբաղվել է այնտեղ լոբբինգով, եւ մենք փաստեր էլ ունենք)»,- ասել էր Զուրաբյանը:
Հաջորդ օրը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրավապահ մարմինները պարտավոր են նման դեպքում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:





























