Բյուրեղավան քաղաքում ապակե տարաների արտադրությամբ զբաղվող Glass World Company ընկերությունը աշխատավարձային պարտքեր ունի իր աշխատակիցներին: Ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցները, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հավաքվել էին կառավարության շենքի մոտ իրենց բողոքը հայտնելու, NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ ընկերությունը 1 տարի շարունակ տարբեր ամիսներին չի վճարել իրենց աշխատավարձերը, իսկ այս տարվա օգոստոսից դադարեցրել է արտադրությունը:

«Անձամբ ես երկու ամսում 50 հազար դրամ եմ ստացել: Էդ 50 հազար դրամով ո՞նց կարելի է ընտանիք պահել ու ապրել: Պարտքով, վարկերով ենք ապրում, կամ էլ բանվորություն ենք անում: Ընկերությունն էլ ասում է՝ էսօր-վաղը կտանք, բայց խաբում է»,-NEWS.am-ին ասաց աշխատակիցներից Արման Շարյանը:

Աշխատակցի խոսքով՝ ընկերությունը պարտք է 350 աշխատակցի ՝ 200-ից մինչեւ 400 հազար դրամի չափով:

Glass World Company ընկերության աշխատակիցներին այսօր ընդունել է Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ ասելով, որ Կառավարությունը ոչինչ չի կարող անել, քանի որ խնդիրը մասնավոր ընկերության հետ է:

«Մասնավորը ո՞րն է, խախտվել է մեր իրավունքը: Մենք հարկեր ենք վճարել պետությանը, իսկ հիմա Կառավարությունը հրաժարվում է պայքարել իր քաղաքացու խախտված իրավունքների համար»,- ասաց Արման Շարյանը: